Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակման մեջ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «անցյալ տարվա հոկտեմբերին Վրաստանում լայնածավալ կիբերհարձակումը պլանավորվել եւ իրականացվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության կողմից»:
«Վրաստանը դատապարտում է այդ կիբերհարձակումը, որը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին եւ Վրաստանի ինքնիշխանության եւս մեկ խախտում է հանդիսանում, որն ուղղված է եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրման եւ երկրի ժողովրդավարական զարգացման դեմ»,- ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ, փոխանցում է Civil.ge-ն:
Ըստ գերատեսչության հայտարարության` «միջադեպը ընդգծում է վրացական կառավարության ջանքերը` ազգային մակարդակում կիբերանվտանգության ամրապնդման ուղղությամբ» եւ «վերահաստատում է կիբերանվտանգության ոլորտում միջազգային գործընկերության ձեւավորման անհրաժեշտությունը»:
ԱԳՆ-ն հայտարարում է, որ «Վրաստանն ապագայում եւս կշարունակի սերտ համագործակցել գործընկերների հետ` ազգային մակարդակում կիբերանվտանգությունն ուժեղացնելու նպատակով` համապատասխան ռիսկերը եւ հավանական սպառնալիքները նվազագույնի հասցնելու համար»: Գերատեսչությունը միջազգային հանրությանը կոչ է անում պատշաճ կերպով գնահատել այս փաստը: