Եմենի պաշտպանության նախարարի որդին զոհվել է հոր դեմ մահափորձի ժամանակ
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարարի որդի Համզա Ալի ալ Մակդաշին եւ էլի հինգ սպաներ ու զինվորներ զոհվել են նախարարի դեմ երկրի արեւելքում չորեքշաբթի տեղի ունեցած մահափորձի ժամանակ, Twitter-ում հայտնել է Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխտար ար Ռահբին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Պաշտպանության նախարարի ավտոշարասյան պայթեցման ժամանակ զոհվել է կապիտան Համզա Ալի ալ Մակդաշին, որը պաշտպանության նախարարի որդին է, իսկ մեր հարգված եղբայրը»,- նշել է Ռահբին։ Նա նաեւ նշել է եւս հինգ սպանվածների անունները, որոնցից մեկը նույնպես նախարարի ազգականն է։
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ նախարարը ողջ է մնացել։
Ավելի վաղ նախարարի խորհրդականը հայտնել էր, որ Եմենի ՊՆ ղեկավարի ավտոշարասյունն արկով պայթեցվել է արեւելյան ճակատ տեսչական ուղեւորության ընթացքում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում Եմենի հյուսիսում իշխանությունը գրաված «Անսար Ալլա» շարժման գրոհայինների դեմ։