Հայաստանում կթարմացնեն արտակարգ իրավիճակներին վերաբերող օրենսդրությունը
Գործող օրենքը համակարգին թույլ է տվել զարգանալ, սակայն տարիների ընթացքում նոր մոտեցումների պահանջ է առաջացել, ինչն էլ հանգեցրել է նոր օրինագծի մշակմանը: Այս մասին փետրվարի 19-ին պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Աղետների ռիսկերի կառավարման ու բնակչության պաշտպանության» թեմայով օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:
Գործող օրենքը, Մաթեւոսյանի խոսքով, կոչվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենք, որը կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաեւ նախազգուշական միջոցառումների եւ արագ արձագանքման բաժիններ է պարունակում: «Նոր օրինագիծը կենտրոնացված է երեք ուղղությունների վրա` աղետների ռիսկի նվազեցում, արագ արձագանքում եւ արտակարգ իրավիճակներում շուտափույթ վերականգնում, ինչպես նաեւ` վերականգնման աշխատանքների իրականացում: Օրինագծում նաեւ մի կարեւոր կետ կա. խոսքն արտակարգ դրություն հայտարարելու մասին է: Մենք տեսնում ենք, որ այսօր այսպիսի անհրաժեշտության պահանջարկ կա: Օրինակ, Չինաստանի ներկայիս իրավիճակը վառ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է պետք արտակարգ դրություն հայտարարել եւ սահմանափակել հասարակության գործունեությունը: Այս օրենսդրական նախաձեռնությունն, ըստ էության, սահմանում է արտակարգ դրության էությունը»,- պարզաբանեց Համլետ Մաթեւոսյանը: