Ավստրալիայի հարավում վթարի է ենթարկվել երկու թեթևշարժիչային օդանավ
Ավստրալիայի Վիկտորիա նահանգում մարզական թռիչքներ կատարելիս կործանվել է երկու թեթեւշարժիչային օդանավ: Վթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ, հայտնում է 9News պորտալը:
Պորտալի տեղեկություններով՝ Մելբուռնից 120 կմ հյուսիս գտնվող Մանգալորից ոչ հեռու օդանավերը երկնքում բախվել են մարզական թռիչքներ կատարելիս: Տեղական ժամանակով 11:30-ին տեղի ունեցածի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո աղետի վայր են ժամանել ոստիկաններ, փրկարարներ եւ բժիշկներ, սակայն անձնակազմի անդամներին փրկել չի հաջողվել:
Վիկտորիա նահանգի ոստիկանությունից նշել են, որ վթարի պահին օդանավերից յուրաքանչյուրում եղել է երկուական մարդ: Նրանք մահացել են տեղում, առայժմ չի հաջողվել պարզել նրանց ինքնությունը:
Վթարի պատճառների հետաքննությանը ներգրավված են Ավստրալիայի քաղաքացիական ավիացիայի եւ թռիչքների անվտանգության վարչությունը (CASA) եւ Տրանսպորտային անվտանգության ավստրալական բյուրոն: