Գուրգեն Մարգարյանի գործում հույս ունենք, որ Եվրոպական դատարանը կճանաչի 14-րդ հոդվածի խախտումը. իրավաբան
Հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործը գտնվում է եզրափակիչ փուլում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան Սիրանուշ Սահակյանը:
«Ավարտվել է հաղորդակցությունների գրավոր փուլը, դատարանը խորհրդակցական սենյակում է: Հուսով ենք՝ շուտով կստանանք որոշումը»,- նշել է Սահակյանը: Նրա խոսքով՝ փաստաբանական խումբն իր բողոքում ներկայացրել է մի շարք կարեւոր պահեր:
Մասնավորապես, նշվել է, որ Գուրգեն Մարգարյանի՝ կյանքի իրավունքի խախտման հետ մեկտեղ հանցագործին ներում շնորհելը եւ երաշխավորման ադեկվատ արդարացումները խախտել են արդյունավետ հետաքննության իրավունքը, քանի որ այն ենթադրում է ոչ միայն հանցանքի բացահայտում, այլ նաեւ պատիժ եւ պատժի անխուսափելիության սկզբունքի պահպանում, ինչը, փաստաբանների պնդմամբ, տեղի չի ունեցել: «Եվ երկրորդը՝ ազգային անհանդուրժողականության հիմքով հանցանքի փաստը: Գուրգեն Մարգարյանի սպանությունը հիմնված էր բացառապես այդ հիմքի վրա: Եթե նա հայ չլիներ, չէր սպանվի, եւ հանցագործին ներում չէր շնորհվի: Այդ պատճառով հուսով ենք, որ ՄԻԵԴ-ը կհաստատի 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտումը եւ կֆիքսի հանցանքի փաստը՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ: Հուսով ենք, որ կշահենք գործը, եւ հասարակությունը կտեսնի մեր աշխատանքի արդյունքները: Հաջողության դեպքում դա հավելյալ գործիք կդառնա բանակցություններում քաղաքական գործիչների ձեռքում»,- հավելեց Սահակյանը՝ նշելով, որ միջազգային դատական ատյանի որոշումը, որում նշվում է էթնիկական ծագման հատկանիշով խտրականությունը, չափազանց լուրջ նշանակություն ունի:
Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք խոսել զարգացող միտման մասին՝ Մանվել Սարիբեկյանի մահվան գործի հարցով ՄԻԵԴ որոշման համատեքստում, Սիրանուշ Սահակյանն ընդհանուր առմամբ համաձայնել է, սակայն նշել, որ Սարիբեկյանի գործով դատարանը չի գտել 14-րդ հոդվածով խախտումներ՝ միայն 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների արգելք), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով:
«Եթե Գուրգեն Մարգարյանի եւ մի քանի այլ գործերով հաջողության հասնենք, մենք ցույց կտանք ոչ թե առանձին դրվագներ, այլ հետեւողական հակահայկական քաղաքականություն»,- ընդգծեց Սահակյանը՝ չբացառելով, որ Սարիբեկյանի գործով փաստաբանները կարող են Մեծ պալատում բողոքարկել որոշումը՝ նշելով 14-րդ հոդվածի խախտումը: «Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ կլինի»,- եզրափակել է Սարիբեկյանը: