Արտետա. «Մանչեսթեր Սիթին» բարդ իրավիճակում է հայտնվել
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի նախկին օգնական Միկել Արտետան խոսել է ՈւԵՖԱ-ի կողմից մանչեսթերյան ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին:
«Լավագույնն եմ ցանկանում Խոսեպ Գվարդիոլային և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին: Ակումբն, իրոք, շատ բարդ իրավիճակում է հայտնվել:
Վստահ եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կկարողանա պայքարել և չեղարկել տալ պատժամիջոցները»,- BBC-ի հաղորդմամբ՝ ասել է Արտետան:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով առաջիկա 2 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին: «Մանչեսթեր Սիթին» նաև տուգանվել է 30 միլիոն եվրոյով:
ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:
«Մանչեսթեր Սիթին» ՈւԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու է Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։