ԵԱ. Գևորգ Մխեյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացած Գևորգ Մխեյանը հաղթանակ է տարել առաջին սփոփիչ գոտեմարտում:
Հայ ըմբիշը Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ առավելության է հասել 12:2 հաշվով:
Երկրորդ սփոփիչ գոտեմարտում Մխեյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Օլեքսեյ Բորուտան:
Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ:
Փետրվարի 15-ին պայքարի մեջ կմտնեն նաև 61, 74, 86, 92 եւ 125 կգ քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչները:
61 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը: 20-ամյա ըմբիշը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ:
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային 1/8 երզափակիչում կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ:
92 կգ քաշայինների որակավորման փուլում Մարզպետ Գալստյանը կմրցի ուկրաինացի Ռոման Ռիչկոյի հետ:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանի արգելքը:
Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):