Ուրուգվայը Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի ղեկավարներին չի հրավիրել նախագահի երդմնակալությանը
Ուրուգվայը մարտի 1-ին կայանալիք նախագահի երդմնակալությանը հրավիրել է Բոլիվիայի ժամանակավոր ղեկավար Ժանին Անյեսին, Վենեսուելայի, Կուբայի եւ Նիկարագուայի ղեկավարները չեն հրավիրվել, հայտնում է Montevideo Portal-ը՝ վկայակոչելով ԱԳՆ ապագա ղեկավար Էռնեստո Տալվիին:
«Բոլիվիայում ինստիտուցիոնալ փոփոխություններ են կատարվել, որոնց հետեւանքով ձեւավորվել է ժամանակավոր կառավարություն, որը հայտարարել է մայիսի 3-ին ժողովրդավարական ընտրությունների անցկացման մասին՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ, սա ճանաչել է ԵՄ-ն, սա ճանաչում ենք նաեւ մենք»,- ասել է երկրի ԱԳ նախարար Էռնեստո Տալվին:
Ընդ որում՝ նա հավելել է, որ նոր կառավարությունը որոշել է Կուբայի, Վենեսուելայի եւ Նիկարագուայի ղեկավարներին չհրավիրել այդ երկրներում մարդու իրավունքների խախտումների պատճառով:
Ուրուգվաի նորընտիր նախագահ Լուիս Լակալյե Պոուն ավելի վաղ Pais պարբերականի հետ հարցազրույցում նշել էր, որ Ուրուգվայը կփոխի դիրքորոշումը Վենեսուելայի գործող իշխանության նկատմամբ եւ կվերանայի երկրի անդամակցությունը «Մոնտեվիդեոյի մեխանիզմին»:
Նոյեմբերի վերջին Ուրուգվայում տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել էր աջ ցենտրիստական Ազգայնական կուսակցության առաջադրած թեկնածու Լուիս Լակալյե Պոուն: Նա պաշտոնը ստանձնելու է մարտի 1-ին: