Ավտորիտարիզմն Ադրբեջանում լուրջ ճաքեր է տալիս. «Իմ քայլը»
Ավտորիտարիզմն Ադրբեջանում լուրջ ճաքեր է տալիս: Այս մասին, այսօր` փետրվարի 14-ին, ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը` մեկնաբանելով Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ընդ որում, ըստ պատգամավորի, Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հիմնական նպատակը նույն խորհրդարանի երիտասարդացումն էր:
«Բայց 125 պատգամավորից միայն 45-ն են նորեկներ, որոնցից երիտասարդ կարելի է համարել առավելագույնը 10-12 մարդու: Սակայն շատ հետաքրքիր է այն գործընթացը, որն այժմ տեղի է ունենում: Ալիեւների իշխող ընտանիքը չկարողացավ հասնել ցանկալի պատկերին, եւ այժմ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղված է արդեն ընտրված պատգամավորներից մանդատները վերցնելով:
Ընտրությունները կեղծվեցին, բայց նրանք այդպես էլ չստացան այն, ինչ ուզում էին», - ասաց Հայրապետյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: