Հիտլերը, ի տարբերություն Փաշինյանի, 6 տարի չկարողացավ ազատվել դատավորներից. քաղաքագետ
Հայաստանում սովորական մարդիկ վատ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում Սահմանադրական դատարանի շուրջը: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Սահմանադրական անվտանգություն, մարտահրավերներ եւ որոշումներ» բանավեճի ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով՝ իշխանություններն ասում են, որ ՍԴ-ն «նախորդ իշխանությունների մնացուկն» է: Նման տրամաբանությունը հանրության ինչ-որ մասին հասկանալի է, Նիկոլ Փաշինյանն այս թեզով առաջարկում է ազատվել նախորդ իշխանություններից, եւ նրանք, ովքեր դեմ են, ստացվում է, որ դեմ են ազատ Հայաստանին:
Պատմական էքսկուրս կատարելով քաղաքակիրթ աշխարհի կողմից իշխանության ճյուղերի բաժանման հասկացության եւ ընկալման մեջ՝ Երվանդ Բոզոյանը նշեց, որ միայն բոլշեւիկներն ու նացիոնալ-սոցիալիստներն են հրաժարվել նման մոտեցումից՝ իշխանությունը կենտրոնացնելով մեկ առաջնորդի բռունցքի մեջ, եւ բոլորին է հայտնի, թե դրանից ինչ ստացվեց:
«Հիտլերն, ի տարբերություն Փաշինյանը, 6 տարի տանջվեց մինչեւ ազատվեց դատական համակարգից: Անցյալ տարիների փորձը հաշվի առնելով՝ հետագա բռնապետները փորձել են իշխանության անցանկալի ճյուղերը սանձահարել քողարկված կերպով»,- նշեց Բոզոյանը:
Հեռուն չգնալու համար քաղաքագետը բերեց ժամանակի եւ տարածության առումով ավելի մոտ օրինակ: «Սաակաշվիլիի նախագահության ժամանակաշրջանում, երբ դատական ամբողջ համակարգը գրպանում էր, ձերբակալվեցին մոտ 200 փաստաբաններ՝ իբր չէին կարողանում պաշտպանել: Հետո անցան քաղաքական գործիչներին՝ Ժվանիան եւ մյուսները: Հետո հասան ձեռնարկատերերին: Հայտարարեցին նախկին իշխանությունների մի քանի «կամակատարների» կալանավորումների մասին, ժողովուրդը ծափահարում էր: Հետո մոտ 36 հազար ձեռնակատերերի կուլակաթափ արեցին, նրանց թվում կային նաեւ նախկին իշխանությունների հետ ոչ մի կապ չունեցողներ: Պաշտոնական տվյալներով՝ դատավարությամբ է անցել մոտ 200 հազար մարդ: 40 հազարը հայտնվել է բանտային ծանր պայմաններում՝ փաստաբաններ, լրագրողներ, ձեռնարկատերեր: Եվ այս ամենը նա կարողացավ մարսել, քանի որ խոսքը աշխարհաքաղաքական նախագծի մասին էր՝ երկրից վերացնել ռուսական բազաները եւ չեզոքացնել ռուսական ազդեցությունը: Սաակաշվիլին ԱՄՆ-ից ստացել է մոտ 4 մլրդ ուղղակի օգնություն: Եվ միեւնույն է՝ ուղիղ 9 տարի հետո տապալում եղավ: Չնայած բանտերում դեռեւս կան քաղաքական գործիչներ: Սա որպես հնարավոր հետեւանքների օրինակ»,- նշեց Բոզոյանը՝ հիշեցնելով, որ ՍԴ-ի վրա հարձակման պատճառը Քոչարյանի գործն է: «Եվ որպեսզի ՍԴ-ն օգնի անցկացնել կուլակաթափման գործընթացը: Փաշինյանը վախենում է հեղաշրջումից: Այս պատճառով են հիբրիդային հեղաշրջման, Վանեցյանի մասին հայտարարությունները: Փաշինյանն ապրում է մշտական վախի մեջ, որ քանի դեռ ֆինանսական հոսքերն իր մոտ չեն, հեղաշրջումը հնարավոր է: Նա ընթանում է վրացական սցենարով: Բայց դա էլ չի հաջողվի, որովհետեւ անհրաժեշտ է աշխարհաքաղաքական ուղղվածություն, իսկ նման հենման կետ նա չունի: Բայց այսպիսի գործողությունների հետեւանքով կարող են խախտվել պետական մարմինների գործառույթները: Չի կարելի ՍԴ-ն անվերջ փոխել, ՍԴ-ն կդառնա կուսակցության նման մի բան»,- զգուշացրեց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ սահմանադրական կարգի քայքայումը կհանգեցնի երկրի քայքայմանը: «Արդյոք մենք պատրա՞ստ ենք պատերազմի պայմաններում այսպիսի սցենարի: Եթե չգիտակցենք, կհայտնվենք ծուղակում, որից ելքը շատ թանկ կարժենա»,- ամփոփեց քաղաքագետը: