Նազարբաեւի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան Նազարբաեւը, որը փորձել է ինքնասպան լինել եւ մեկ տարի պայմանական ժամկետ է ստացել Լոնդոնում ոստիկանի վրա հարձակման համար, Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան է խնդրել: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:
Նա իր որոշումը բացատրել է ընտանիքի կողմից ճնշմամբ: Նա հայտարարել է, որ «Ռուսաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ մասշտաբային կոռուպցիայի մասին» տեղեկություն ունի: Ընդ որում, Այսուլթանը նշել է, որ բոլոր մանրամասները հայտնել է բրիտանական Times թերթին տված հարցազրույցում, որը կհրապարակվի մոտ օրերս, հաղորդում է Lenta-ն:
Ավելի վաղ Այսուլթանը հայտարարել է, որ իրեն ցանկանում են սպանել: Նա պատմել է, որ գտնվում է անգլիական հիվանդանոցում, եղել է բանտում եւ խնդիրներ է ունեցել իր հարազատների հետ:
2019-ի հուլիսին Այսուլթան Նազարբաեւը փորձել է ինքնասպան լինել Քովենթ Գարդեն շրջանում անծանոթի բնակարանում եւ կծել է ոստիկանին, որը փորձել է նրան խանգարել: 30-ամյա Այսուլթանին մեկ տարվա պայմանական ժամկետ են տվել, 140 ժամ հասարակական աշխատանքներ, մի քանի հազար ֆունտ սթեռլինգի չափով տուգանք եւ վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ պարտավորեցրել թրմանյութից կախվածության բուժում անցնել՝ առնվազն 20 սեսիա:
Նրա հայրը՝ Ռահաթ Ալիեւը, մինչեւ 2008 թվականն ամուսնացած է եղել Նազարբաեւի դստեր՝ Դարիգայի հետ: 2015 թվականին մահացած է հայտնաբերվել Ավստրիայի բանտերից մեկում, որտեղ գտնվել է Նուրբանկի երկու թոփ մենեջերներին սպանելու մեղադրանքով: Ղազախստանում Ալիեւին մեղադրել են իշխանության բռնազավթման նապախատրաստման եւ հանցավոր խումբ կազմակերպելու մեջ եւ հեռակա կարգով դատապարտել 40 տարվա ազատազրկման: Ղազախստանը երկու անգամ նրա արտահանձնման մասին հարցում է ուղարկել Ավստրիա, սակայն մերժվել է: