Գրավչությունը պետք է մեծացնել, որ մարդիկ փորձեն իրենց ապագան տեսնել սպայական ծառայության մեջ․ Արմեն Խաչատրյան
Բանակում զոհերի թվի նվազեցման միջոցառումները թեև գործուն իրականացվում են, բայց այսօրվա վիճակագրությունը փաստում է, որ դեռևս կան խնդիրներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Իհարկե սա խնդիր է, ամենամտահոգող խնդիրներից է, որն այսօր կա մեր հասարակության մեջ, բանակում զոհերի թվի նվազեցման միջոցառումները թեև գործուն իրականացվում են, բայց այսօրվա վիճակագրությունը փաստում է, որ դեռևս կան խնդիրներ, նոր գործիքակազմ պետք է մշակենք այդ խնդիրները լուծելու համար, իսկ այդ խնդիրներին առավել արդյունավետ լուծում տալու համար անհրաժեշտ է սպասել մինչև քրեական գործի ընթացքը կլուծվի, կավարտվի քրեական գործի քննությունը և ըստ այդմ արդեն պարզ կլինեն նպաստող պայմանները, պատճառահետևանքային կապերը, ըստ այդմ գնահատական կտանք»,-նշեց նա։
Պատգամավորը ևս կարծում է, որ քրեական ենթամշակույթը ևս նապստում է բանակում զոհերի թվի աճին․ «Մեծամասամբ նպաստող պայման է հանդիսանում քրեական ենթամշակույթի առկայությունը զորամսերում և հասարակության մեջ։ Մեկ զոհն անգամ անընդունելի է»։
Նա նշեց, որ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկման առարկան է հանդիսանում բանակում տիրող իրավիճակը և բավականին լուրջ, խորը ուսումնասիրություններ են կատարվելու, իսկ հանձնաժողովը իր դիրքորոշումը դեռևս կհայտնի։
Խաչատրյանը նաև նշեց, որ սպայական կազմի պորֆեսիոնալիզմի ուղղությամբ պետք է աշխատանք տարվի․ «Այս ոլորտում գրավչությունը պետք է մեծացնել, որ մարդիկ փորձեն իրենց ապագան տեսնել այդ ծառայության մեջ, սպա դառնալ, այո այդ խնդիրները կան, միշտ էլ լինելու է, գործընթացը շարունական է»։