Տավուշցիները տեղեկացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները փետրվարի 12-ին այցելել են Տավուշ` մարզի ֆերմերներին եւ համայնքների ղեկավարներին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին իրազեկելու նպատակով:
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերը, տվել պարզաբանումներ ֆերմերների կողմից հաճախ բարձրացվող հարցերի վերաբերյալ: Իր խոսքում նա, մասնավորապես, անդրադարձել է յուրաքանչյուր ծրագրի շրջանակում տրամադրվող պետական աջակցության եղանակներին, ֆինանսական վարձակալության՝ լիզինգի առանձնահատկություններին եւ ծրագրերով նախատեսվող արտոնյալ պայմաններին:
Իռա Փանոսյանը հավելել է, որ ծրագրերը մշակելիս հատուկ շեշտ է դրվել դրանց փոխկապակցվածության վրա` ֆերմերներին հնարավորություն ընձեռելով օգտվել միաժամանակ մի քանի ծրագրերից, ինչը թույլ կտա ապահովել գյուղատնտեսական գործունեության բարձր արդյունավետություն:
Պարզաբանումներ են ներկայացվել նաեւ ֆերմերների կողմից հնչեցված մի շարք հարցերին` կապված ծրագրերի առանձին կետերի փոփոխությունների եւ լրացումների հետ:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրին` գյուղոլորտի պատասխանատուն հիշեցրել է 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները. կարկուտի եւ հրդեհի դեպքում՝ մինչեւ 2020 թվականի մարտի 25-ը, իսկ գարնանային ցրտահարության դեպքում 2020 թվականի փետրվարի 15-ը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 21-ը:
Հանդիպման մասնակիցները հարցեր են բարձրացրել ինտենսիվ այգեգործության, գյուղմթերքի մթերման գնի, իրացման հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ:
Գյուղոլորտի ծրագրերի իրազեկման արշավները շարունակվելու են այլ մարզերում: