Ավտովթար՝ Մաշտոցի պողոտայում «Սիզնս» ռեստորանի մոտ. «Hyundai Sonata»-ի վարորդին դուրս են բերել. վիճակը կայուն ծանր է
Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 11-ին, ժամը 22:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ «Սիզընս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի մոտակայքում բախվել են «BMW X5» եւ «Hyundai Sonata» մակնիշի (վարորդ՝ Ալեքսանդր Մ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս բախվել է կայանած «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Վահան Ս., ծնված 1990 թ.), «Mercedes C 350» (վարորդ՝ Ավետիս Ա., ծնված 1992 թ.) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Արթուր Բ., ծնված 1974 թ.) մակնիշի ավտոմեքենաներին:
Փրկարարները «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW X5» եւ «Hyundai Sonata» մակնիշների ավտոմեքենաները: