2018 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատությունը կազմել է 1 տոկոս. պաշտոնյա
Կառավարության ծրագրի նպատակն է մինչեւ 2023 թվականը վերացնել աղքատությունն ու նվազեցնել աղքատության մասշտաբները: Այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովի նիստում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի փաթեթ քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը՝ ի դեմս իր գերատեսչությունների ձգտում է մեկ գրասենյակում բնակչության սոցիալական պահանջների գնահատման միասնական համակարգ ստեղծել, որը կմիավորի տարբեր կառույցների գործողություններն ու կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկները, իսկ շահառուներին կտրամադրի բարձրորակ ծառայություններ:
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2018 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատությունը կազմել է 1%՝ 30 հազար մարդ, իսկ աղքատությունը կազմել է 23,5%: «2017 թվականի համեմատ 1-2 տոկոսով նվազում կա: Կարծում ենք, որ այդ միտումը կպահպանվի»,- եզրափակեց Անդրեասյանը: