Իսպանիայի կառավարությունը մտադիր է անօրինական դարձնել Ֆրանկոյի ռեժիմի փառաբանումը
Իսպանիայի կառավարությունը երկրի քրեական օրենսդրության շրջանակներում ծրագրում է անօրինական դարձնել բռնապետլ, գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռեժիմի փառաբանումը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սոցիալիստական կուսակցությանը։
Ֆրանկոն, որը Իսպանիան կառավարել է 1939-ից մինչեւ 1975թ․ իր մահը, հրամայել է մահապատժի ենթարկել կամ բանտ նետել տասնյակ հազարավոր մարդկանց։ Նրա ազգայնական ժառանգությունը դեռեւս պառակտում է Իսպանիան։
«Ժողովրդավարության ժամանակ դուք հարգանքի տուրք չեք մատուցի բռնապետներին եւ բռնակալներին»,- ասել է խորհրդարանի մամուլի քարտուղար Ադրիանա Լաստրան։
Նրա խոսքերով՝ կառավարությունը նաեւ ուզում է արտաշիրմել Ֆրանկոյի զոհերի մարմինները, որոնք հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում, եւ հավաքել նրա կառավարման բոլոր խորհրդանիշները, որոնք դեռ կան հասարակական վայրերում։ Վերջին տարիներին Ֆրանկոյի եւ նրա դաշնակիցների հիշատակին նվիրված շատ փողոցների անվանումներ փոփոխվել են։
Սոցիալիստների վարչապետ Պեդրո Սանչեսը, ում կոալիցիոն կառավարությունը հունվարին է եկել իշխանության, բռնապետության ժառանգության դեմ պայքարը դարձրել է իր նախընտրական քարոզարշավի հիմքը։