Samsung-ը ազդարարել է ծալվող էկրանով նոր սմարթֆոնի մասին
«Օսկար» 92-րդ մրցանակաբաշխության ժամանակ Samsung ընկերությունը ներկայացրել է ծալվող էկրանով նոր սմարթֆոնի մասին 30 վայրկյան տեւող գովազդ։ Galaxy Z Flip մոդելի պաշտոնական շնորհանդեսը կկայանա փետրվարի 11-ին, Unpacked-2020 միջոցառման ժամանակ, հայտնում է Naked-Science-ը։
Ի տարբերություն Galaxy Fold նախկին մոդելի, որը «գրքույկի» տեսք ուներ, Galaxy Z Flip-ը ծալովի է։ Գաջեթի դիզայնը, որ կողմնորոշված է դեպի երիտասարդ կին օգտատերերը, արդեն համեմատել են դիմափոշու տուփի հետ։ Բացի ներքին էկրանից, այն կունենա նաեւ արտաքին էկրան, որի վրա կարտացոլվի զանգի մասին տեղեկատվությունը։ Զանգերն ընդունել կարելի է չբացելով սմարթֆոնը։
Գովազդային հոլովակում Galaxy Z Flip-ը հիմնականում ցուցադրված է ուղիղ անկյան տակ բացված վիճակում, եւ չեն երեւում էկրանի ծալքերը, սակայն Samsung-ում արդեն նախազգուշացրել են, որ դրանք անպայման կհայտնվեն։ Հոլովակի ամենասկզբում աջ ներքեւի անկյունում կարելի է նկատել գրառում, որը նախազգուշացնում է այն մասին, որ ոչ մեծ ծալքը «դիսփլեյի բնական հատկանիշն է»։
Galaxy Z Flip-ի վաճառքը կմեկնարկի փետրվարի 14-ին։ Հեռախոսի արժեքը, տարբեր աղբյուրների տվյալներով, կարող է կազմել 850-1400 դոլար։