ԱՄՆ իշխանությունները մինչև 66 մլն դոլար կհատկացնեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար
Միացյալ Նահանգները նախատեսում է մինչեւ 66 մլն դոլար հատկացնել արձագանքման առաջնային միջոցառումների շրջանակում 2019-nCoV վիրուսին հակազդելու համար: Այս մասին հայտնել է The Hill-ը՝ վկայակոչելով իրազեկումը, որը ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունն ուղարկել է Կոնգրես:
Ըստ փաստաթղթի՝ Առողջապահության նախարարության կառուցվածքի մեջ մտնող Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները պետք է 30 մլն դոլար ծախսեն Ուհանում գտնվող ավելի 800 ամերիկացի քաղաքացիների տարհանման համար, ինչպես նաեւ հետագա միջոցառումների համար (զննումներ, կարանտին եւ այլն): Եվս 36 մլն կծախսվի նահանգներ հաստիքային անձնակազմ ուղարկելու եւ մուտքի նավահանգիստներում աշխատակիցների թիվը մեծացնելու համար, որտեղ ժամանողներին հետազոտում են, ինչպես նաեւ բժշկական սարքավորումներ գնելու համար: Փողը տրամադրվելու է վարակիչ հիվանդությունների արագ արձագանքման պահուստային ֆոնդից:
Գումարի տրամադրումից հետո ֆոնդում կմնա եւս մոտ 39 մլն դոլար ապագա ծախսերի համար: Պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարն ընդգծել է, որ առայժմ վիրուսի դեմ պայքարի համար Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ խնդրելու հիմքեր չկան: «Այս փուլում վաղաժամ է խոսել փողի որեւիցե լրացուցիչ կարիքի մասին: Այս իրավիճակում դեռեւս շատ անհայտներ կան»,- նրա խոսքն է մեջբերել The Hill-ը: Առողջապահության նախարարության ղեկավարը հավելել է, որ 12 պացիենտի բուժումն արդեն ավարտվել է: