Ավստրալիայի արևելքում մարդկանց սկսել են տարհանել ուժգին տեղատարափ անձրևների և ջրհեղեների պատճառով
Սիդնեյի մի շարք արեւմտյան արվարձաններում եւ Նոր Հարվային Ուելս նահանգի հյուսիսարեւելյան ափին տարհանում է հայտարարվել տեղատարափ անձրեւների, ուժգին քամու եւ ջրհեղեղների պատճառով: Երկուշաբթի այս մասին նհայտնել է տարածաշրջանի վթարային ծառայությունը՝ համապատասխան հայտարարությունը հրապարակելով իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նոր Հարավային Ուելսի վթարային ծառայությունը Իլլավարա լճի մերձակայքում գտնվող ցածրադիր վայրերի թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տալիս նախապատրաստվել տարհանմանը` հեղեղային ջրերի բարձրացման պատճառով: «Բնակիչները պետք է պատրաստ լինեն տարհանմանը մոտակա 2 ժամվա ընթացքում», - նշվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ ջրհեղեղի սպառնալիքի տակ են գտնվում նահանգի հյուսիսարևելյան ափերի երկայնքով տեղակայված բնակավայրերը` Սիդնեյից մինչև Պորտ Մակքուորի և Քոֆս- Հարբոր նավահանգիստները: Մուրբանք, Չիփինգ-Նորթոն, Միլպերա, Փիթ-Թաուն-Բոթոմս եւ Րիչմոնդ-Լոուլենդս քաղաքներում բնակիչների տարհանումն արդեն սկսվել է: Մոտ 60 դպրոց տարածաշրջանում չի գործում, մոտ 150 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, ճանապարհները մասամբ արգելափակված են:
Սիդնեյում ուժեղ քամու և հորդառատ անձրեւների պատճառով քաղաքի հյուսիս-արևմուտքում և դրա արևելյան ափին գտնվող մի շարք թաղամասեր հոսանքազրկված են: Ըստ կոմունալ ծառայությունների տվյալների` ավելի քան 87 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:
Սիդնեյի տարածքում փակ է 38 հանրակրթական դպրոց: Քաղաքային իշխանությունները խորհուրդ են տվել իր բնակիչներին երկուշաբթի օրը չգնալ աշխատանքի և զերծ մնալ ուղեւորություններից` կոմունալ եւ վթարային ծառայությունների աշխատանքը հեշտացնելու համար, սակայն եղանակային պայմանների հետեւանքով տուժածների կամ որեւէ ավերածության մասին չի հաղորդվել: Ըստ նահանգի ոստիկանության տվյալների` ներկայումս որոնվում է մեկ անձ, ով, ենթադրաբար, անհայտ կորել է կիրակի օրը: