Sky Sports. Մեսին չի մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:
Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ հանդիպումից հետո 32-ամյա հարձակվողը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին նոր պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հետ:
Հիշեցնենք, որ Մեսիի և «Բարսելոնայի» ղեկավարության հարաբերությունները սրվել են: Պատճառը եղել էր ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հայտարարությունը, թե թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ղեկավարությամբ շատ խաղացողներ լիարժեք չէին դրսեւորում իրենց։ Դրանից հետո արգենտինացի ֆուտբոլիստը Աբիդալին հորդորել էր նշել այդ ֆուտբոլիստների անունները կամ նման վարկաբեկող հայտարարություն չանել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետևում է «Բարսելոնայում» Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է պայմանագիր առաջարկել արգենտինացի հարձակվողին: