Չինաստանը երկրում թոքաբորբի դեմ պայքարի մասնակիցների համար հարկերը չեղարկել է և պարգևավճարներ սահմանել
Չինաստանի իշխանությունները չեղարկել են հարկային վճարումները եւ խրախուսական պարգեւավճարներ կտան բժիշկներին եւ 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարի համազգային ծրագրի մյուս մասնակիցներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի ֆինանսների նախարարությանը:
Որոշումը ստացել է երկրի Հարկային վարչության հավանությունը:
Նոր միջոցառումների համաձայն՝ կորոնավիրուսի բռնկման ֆոնին բժշկական պարագաներն ու դեղամիջոցները, որոնք ձեռք են բերվել անկանխիկ վճարմամբ եւ տրամադրվել են չինական հաստատություններին ու հասարակական կազմակերպություններին, անհատական եկամտահարկի վճարումից կազատվեն եւ հաշվի չեն առնվի աշխատավարձը հաշվարկելիս:
Դրանից բացի, կառավարության որոշմամբ՝ ԱԱՀ-ն կչեղարկվի լոգիստիկ եւ թղթատարական ընկերությունների համար, որոնք ապահովում են բնակչությանն անհրաժեշտ ապրանքներ հասցնելը: Հատուկ հարկային արտոնությունները տարածվելու են տրանսպորտային հաղորդակցության, ռեստորանային եւ հյուրանոցային տնտեսության, տուրիզմի ոլորտում ազգային ձեռնարկությունների վրա, որոնք 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով զգալի վնասներ են գրանցել: