Ռոնալդու․ Երբ երեխա էի, մտածում էի, որ 35 տարեկանում ձկնորսությամբ կզբաղվեմ Մադեյրայում
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ լիովին գոհ է իր կարիերայից եւ նվաճումներից։ Փետրվարի 5-ին Ռոնալդուն նշում էր ծննդյան 35-րդ տարեդարձը։
«Երբ երեխա էի, մտածում էի, որ 35 տարեկանում ձկնորսությամբ կզբաղվեմ Մադեյրայում։ Նույնիսկ մտքովս չէր անցնում, որ կխաղամ այնտեղ, որտեղ խաղացել եմ եւ կնվաճեմ այն, ինչ նվաճել եմ։
Կարծում եմ, որ կարող եմ 6-րդ անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։ «Յուվենտուսի» հետ ունեմ այդ հնարավորությունը։ Չեմպիոնների լիգան բարդ մրցաշար է, եւ շատ գործոններ են ազդում արդյունքի վրա։ Բայց ունենք լավ թիմ եւ կարող ենք նվաճել այդ տիտղոսը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է A Bola-ն։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» կմրցի ֆրանսիական «Լիոնի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին Ֆրանսիայում։