Էրիկսենը հայտնել է «Ինտեր» տեղափոխության գլխավոր դրդապատճառը
Միլանի «Ինտերի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը պատմել է՝ ինչու է որոշում ընդունել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ Լոնդոնի «Տոտենհեմից» և միանալ Միլանի «Ինտերին»:
««Տոտենհեմից» հեռանալու որոշում ընդունել եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կրած պարտությունից հետո: Այդ օրն իմ կյանքի վատագույն օրերից մեկն էր: Ես ցանկանում եմ գավաթներ նվաճել, իսկ «Ինտերում» դրա հնարավորությունը շատ ավելի մեծ է:
Տեղափոխվել եմ «Ինտեր», որպեսզի նոր փուլ սկսեմ իմ կյանքում: Վստահ եմ, որ մեծ հաջողությունների եմ հասնելու այստեղ»,- 27-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Հիշեցնենք, որ Էրիկսենի տեղափոխության դիմաց «Ինտերը» վճարել է 20 միլիոն եվրո: 27-ամյա կիսապաշտպանն իտալական թիմի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր:
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Դանիացի կիսապաշտպանը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2013 թվականից: