Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել
«Հոկտեմբերի 27-ի» գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Այս լուրը NEWS.am-ին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Խաչատրյանն ասաց, որ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ նախատեսվում է ԱԱԾ քննչական խմբում ներգրավել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ:
Անդրադառնալով «Հոկտեմբերի 27-ի» տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի այն միջնորդությանը, որով նա խնդրել էր քրեական գործը ՝ ԱԱԾ-ից հանձնել ՀՔԾ-ին, Արեւիկ Խաչատրյանն ասաց, որ այն մերժվել է.
«Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ վարույթի իրականացումը ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին։ Բացատրվել է բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգը: Համաձայն դրա՝ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին: Մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել»։