ԿԺԴՀ-ն արգելել է արտասահմանցի դիվանագետներին մուտք գործել և դուրս գալ երկրից
ԿԺԴՀ-ի իշխանությունները աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված արգելել են արտասահմանցի դիվանագետներին մուտք գործել եւ դուրս գալ երկրից, հաղորդում է Փհենյանում ՌԴ դեսպանատունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Արգելվել է դիվանագիտական կորպուսի անդամների եւ նոր աշխատակիցների՝ երկիր մուտքն ու ելքը ապրանքներ գնելու նպատակով: Ձեզնից անկախ պատճառներով երկիր ժամանելու դեպքում մուտքը թույլատրվում է միայն մուտքի կետերում 15-օրյա կարանտին անցնելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցները եւս խորհուրդ են տվել խուսափել կարանտինի մեջ գտնվող անձանց հետ շփումից:
Դեսպանատանը հավելել են, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի դիվանագիտական առաքելություններում հիմնական մուտքերի մոտ տեղադրված բուժկետերում, ինչպես նաեւ դիվանագիտական թաղամասում ստուգումներ կանցկացվեն:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել է երկրի կենտրոնական հատվածում՝ Ուհան քաղաքում, անհայտ թոքաբորբի համաճարակի մասին: Հունվարի 7-ին չինացի մասնագետները հաստատել են հիվանդության հարուցիչը. դա կորոնավիրուս 2019-nCoV-ն է: Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում գերազանցում է 20,4 հազարը, մահացել է 425 մարդ: Եվս գրեթե 150 մարդ հիվանդացել է Չինաստանից դուրս, մեկը մահացել է: ԱՀԿ-ն հիվանդության բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: