Չինաստանից տարհանում կորոնավիրուսի պատճառով. Ի՞նչ են անում տարբեր երկրներ
Շատ երկրներ 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով Չինաստանից իրենց քաղաքացիներին տարհանում են:
Մյանմարի կառավարությունը «հատուկ ավիաչվերթով» կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն Ուհանից տարհանել է 59 ուսանողի, փոխանցում է CNN-ն: Այս պահին բոլոր ուսանողները Մանդալայ քաղաքում կարանտինի մեջ են: Ուհանում մնացել է Մյանմարից 4 ուսանող. մեկը «չէր համապատասխանում ներգաղթի պահանջներին», մյուսը նահանգի սահմաններից դուրս էր գտնվում, իսկ մյուս երկուսը բուժման կարիք ունեին՝ նրանք բարձր ջերմություն ունեին:
Անցած չորեքշաբթի ԱՄՆ 200 քաղաքացիներ, այդ թվում՝ տասնյակ դիվանագետներ եւ նրանց ընտանիքներ չարթերային չվերթով ժամանել են Կալիֆոռնիա: Երկրորդ չվերթը, որը մնացած քաղաքացիներին պետք է հայրենիք վերադարձներ, անհայտ պատճառներով առայժմ ուշանում է:
Գերմանիան Ուհանից տարհանել է 124 մարդու, որոնց թվում 102-ը Գերմանիայի քաղաքացիներ են: Ժամանածների թվում երկու մարդ վարակված էր կորոնավիրուսով, ինչը պարզվել է զինվորական բարաքներում անցկացված հետազոտության ժամանակ, որտեղ 115 ժամանածների կարանտինի էին տեղափոխել:
Երկուշաբթի վաղ առավոտյան Ուհանից տարհանել են 270 ավստրալացիների: Նրանք կժամանեն Էքսմութի RAAF Learmonth բազա (Արեւմտյան Ավստրալիա), որտեղից նրանց կտեղափոխեն Ծննդյան կղզի՝ երկշաբթյա կարանտինի:
Մեծ Բրիտանիան հունվարի 30-31-ին տարհանել է իր 200 քաղաքացու, բոլորին տեղափոխել են Վիրալի հիվանդանոց 14-օրյա կարանտինով: Եվս 11 բրիտանացի Չինաստանից հեռացել է ֆրանսիական օդանավով, որը նրանց բերել է Մարսել, որտեղից ժամանել են Բրայզ Նորթոնի RAF բազա (Օքսֆորդշիր): Նրանց այնուհետեւ կտեղափոխեմ Վիրալի հիվանդանոց կարանտինի:
Նշենք, որ Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մինչեւ 149-ի: Ճապոնիայում գրանցվել է հիվանդության 20 դեպք, Թաիլանդում՝ 19, Սինգապուրում՝ 18, Հարավային Կորեայում՝ 15, Ավստրալիայում՝ 12, Գերմանիայում՝ 10, ԱՄՆ-ում՝ 9, Մալայզիայում՝ 8, Վիետնամում՝ 7, Ֆրանսիայում՝ 6, ԱՄԷ-ում՝ 5, Կանադայում՝ 4, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Իտալիայում՝ վարակման երկուական դեպք:
Ֆիլիպիններում հիվանդացել է 2 մարդ, որոնցից մեկը մահացել է, որը դարձել է Չինաստանի սահմաններից դուրս մահվան առաջին դեպքը:
Իսպանիայում, Կամբոջայում, Նեպալում, Ֆինլանդիայում, Շվեդիայում եւ Շրի Լանկայում գրանցվել է թոքաբորբով հիվանդանալու մեկական դեպք: