Էվո Մորալեսը մեղադրել է Բոլիվիայի ՆԳ նախարարին իր անձնական փաստաթղթերը գողանալու մեջ
Կիրակի Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ բողոք կներկայացնի դատախազությունում իրավապահ մարմինների կողմից նրա օգնականից փաստաթղթերն առգրավելու պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բողոք կներկայացնենք դատախազություն ծանրացնող հանգամանքներով գողության առնչությամբ, որի պատասխանատվությունն ընկած է դե-ֆակտո ՆԳ նախարար Արտուրո Մուրիլյոյի եւ ոստիկանության հանցավորության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման գնդապետ Իվան Ռոխասեի վրա»,-գրել է նա թվիթերյան իր էջում:
Մորալեսի խոսքով՝ նա նաեւ «կդիմի միջազգային ատյաններ նոտարական լիազորագրի առգրավման եւ անհետացման կապակցությամբ», որով նա լիազորել էր իր փաստաբանին եւ օգնականին իր փոխարեն ներկայացնել փաստաթղթերը որպես խորհրդարանի անդամ գրանցվելու համար: «Նրանք ցանկանում են վախեցնել մեզ, սակայն դա նրանց չի հաջողվի»,-հավելել է նախկին նախագահը:
Հունվարի 31-ին Մորալեսի օգնական Պատրիսիա Էրմոսան բերման էր ենթարկվել ապստամբության եւ ահաբեկչության կոչեր անելու կասկածանքով: Նախկին նախագահի խոսքով՝ իրավապահներն առգրավել են նրանցից փաստաթղթերը, որոնցից են անձը հաստատող փաստաթուղթը, ծննդյան վկայականը եւ զինծառայություն անցնելու վկայականը: Մորալեսը համարում է, որ այդկերպ Բոլիվիայի ժամանակավոր իշխանությունները ցանկանում են խոչընդոտել նրա առաջադրմանը: