Վրաստանում օդանավակայանից հոսպիտալացրել են Չինաստանից ժամանած զբոսաշրջիկի
Վրաստանում անմիջապես օդանավակայանից հոսպիտալացրել են Չինաստանից ժամանած զբոսաշրջիկի: Այս մասին, Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Ինքնաթիռը, որում գտնվել է Վրաստանի քաղաքացին, վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում օրվա երկրորդ կեսին: Կինը ժամանել է չինական Ուհան քաղաքից՝ կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնից:
«Վրաստանի քաղաքացին , որը օրվա երկրորդ կեսին վերադարձել է Չինաստանից տրանզիտային չվերթով, ջերմություն եւ ռեսպիրատոր հիվանդության այլ նախանշաններ է ունեցել: Այժմ նրան տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է Գամկրելիձեն:
Ավելի վաղ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել Չինաստանից ժամանած Վրաստանի մեկ այլ 24-ամյա քաղաքացի: Նրա մոտ 39 աստիճան ջերմություն եւ կոկորդի ցավ էր եղել: Անալիզները արդյունքները դեռեւս հայտնի չեն:
Չինաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ: Վերջին տվյալներով՝ վարակվել է ավելի քան 7,7 հազար մարդ, մահացել 170-ը: Վարակման դեպքեր են գրանցվել արդեն 17 երկրներում:
Կորոնավիրուսի հետ կապված Վրաստանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Ժամանակավորապես դադարեցվել են Չինաստանից չվերթները: Վրաստանն արդեն արգելել է Չինաստանից կենդանիների ներմուծումը, Վրաստանի օդանավակայաններում ստուգում են բոլոր ուղեւորներին:
Մասնագետները կոչ են արել խուճապ չտարածել, քանի որ օդանավակայաններ ժամանող մարդիկ կարող են նաեւ չիմանալ, որ հատուկ ստուգում են անցնում, դա կատարվում է սքաներների միջոցով: Մասնագետները պնդում են, որ իշխանությունները բոլոր միջոցները ձեռնարկում են երկրում վիրուսի տարածումը կանխելու համար: