Facebook-ը 550 մլն դոլար է վճարելու կենսաչափական տվյալների հավաքման պատճառով պահանջների կարգավորման համար
Facebook ընկերությունը 550 մլն դոլար է վճարելու կարգավորելու համար Իլինոյս նահանգի բնակիչների պահանջները, որոնք Facebook-ին մեղադրում են նույնանուն սոցցանցի օգտատերերի կենսաչափական տվյալներն անօրինականորեն հավաքելու մեջ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ընկերության ֆինանսական տնօրեն Դեւիդ Վեներին:
Հստակեցվում է, որ քննությունը սկսվել է 2015 թվականին, երբ Իլինոյս նահանգի բնակիչները Facebook-ի դեմ հավաքական հայց են ներկայացրել՝ փոխհատուցում պահանջելով օգտատերերի (նահանգի մոտ 5 մլն բնակիչների) կենսաչափական տվյալներն առանց իրենց համաձայնության հավաքելու համար՝ դրանով խախտելով նահանգի օրենքները:
Հայցվորները պնդել են, որ լուսանկարներում դեմքերի ճանաչման համակարգը, որը կիրառել են սոցցանցում, փաստացի նրա աշխատակազմին թույլ է տալիս հավաքել ու պահել օգտատերերի կենսաչափական տվյալները, օրինակ՝ տեղեկություն նրանց աչքերի գույնի մասին:
Նշվում է, որ այս ամբողջ ընթացքում Facebook-ի իրավաբանները փորձում էին հասնել հայցը հավաքական կարգավիճակից զրկելուն, ինչպես նաեւ գործի վարույթի ամբողջական դադարեցմանը:
Սակայն արդյունքում ընկերությունում որոշել են հասնել պահանջների կարգավորմանը, «որ այս թեման թողնի անցյալում՝ ի շահ իր միության եւ բաժնետերերի»: