Նեթանյահուն կոռուպցիայի մեջ մեղադրանքների ֆոնին հետ է կանչել խորհրդարանական իմունիտետ տրամադրելու մասին խնդրանքը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոռուպցիայի մեջ մեղադրանքների ֆոնին հետ է կանչել խորհրդարանական իմունիտետ տրամադրելու մասին խնդրանքը, ինչը կարող է արագացնել դատական գործընթացի սկիզբը, հաղորդում է AFP-ը:
«Մի քանի րոպե առաջ հայտնեցի Քնեսեթի խոսնակին, որ հետ եմ կանչում անձեռմխելիության մասին խնդրանքը»,- գրել է նա Facebook-ում: Ավելի վաղ հաղորդվել է, որ նա եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհրապարակեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագիրը: «Ես թույլ չեմ տա իմ քաղաքական ընդդիմախոսներին օգտագործել այդ խնդիրը՝ պատմական քայլից շեղելու համար»,- ասել է նա:
Քնեսեթը պետք է այսօր առավոտյան այդ հարցով քվեարկություն անցկացներ:
«Իսրայելի ժողովրդի համար այս ճակատագրական պահին, երբ ես գտնվում եմ ԱՄՆ-ում պատմական առաքելությամբ, Քնեսեթում պետք է սկսվեր անձեռնմխելիության մասին եւս մեկ կրկեսային ներկայացում»,- ասել է Նեթանյահուն:
Նա հերքել է իր դեմ մեղադրանքները՝ հայտարարելով, որ վհուկների վրա քաղաքականապես մոտիվացված որսի զոհ է: Նրա ընդդիմախոսներն արդեն օրենսդրական մարմնում մեծամասնություն են հավաքել, որպեսզի նրան զրկեն անձեռնմխելիությունից:
Նեթանյահուի որոշումն Իսրայելի իշխանությունների համար ուղի է հարթում կաշառակերության, խարդախության եւ վստահության չարաշահման մեղադրանքների հարցով դատավարության օր նշանակելու համար: Այն կարող է սկսվել մինչեւ մարտի 2-ի ընտրությունները:
Նեթանյահուի հայտարարությունից հետո գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիտը հայտարարել է, որ մեղադրական եզրակացություն է ներկայացրել Երուսաղեմի շրջանային դատարանին:
Իսրայելական օրենսդրության համաձայն՝ գործող վարչապետը պարտավոր է հրաժարական տալ այն բանից հետո, երբ մեղավոր կճանաչվի հանցագործության կատարման մեջ եւ երբ բողոքարկման բոլոր հնարավորությունները սպառված կլինեն: