Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների գործակալությունը նախազգուշացում է արել ադրբեջանական կրիպտոընկերությանը
Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների գործակալությունը (FSA) նախազգուշացում է արել ադրբեջանական CBase Fintech Lab LLC (նախագահը՝ Նամիկ Ալեսկերով) կրիպտոընկերությանը, հաղորդում է haqqin.az-ը՝ հղում անելով ճապոնական գերատեսչության կայքին:
Տարածված տեղեկության համաձայն՝ Ճապոնիայի բնակիչները կազմում են Բաքվում գրանցված CROSS exchange անվան տակ CBase բորսային ծառայության հաճախորդների մի մասը, սակայն ընկերությունը, որը զբաղվում է կրիպտոարժույթների (բիթքոին եւ այլն) առուվաճառքով, գործում է երկրի տարածքում առանց գրանցման, ինչը կարգավորիչ ռեժիմի խախտում է:
CBase-ից բացի, հիշատակվում է նաեւ դրա իրավաբանական ներկայացուցչի եւ նախագահ Նամիկ Ալեսկերովի անունը, ինչպես նաեւ Բաքվում ընկերության հասցեն: FSA-ը սակայն չի հայտնել, թե ինչ միջոցներ կձեռնարկի ի պատասխան խախտումների:
Ի պատասխան ճապոնական կողմի զգուշացման՝ CBase-ը Twitter-ում հայտնել է, որ «տարբեր պատճառներով դադարեցնում է ճապոներենով տեխնիկական աջակցությունը»: Coinmarketcap-ի տվյալներով՝ Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների գործակալության զգուշացումից անմիջապես առաջ մեկ օրում CROSS exchange-ի առեւտրի ծավալները կազմել են մոտ 7 մլն դոլար: Հարթակը, սակայն, կիրառում է տրանզակցիաների օգնությամբ մայնինգի պրակտիկա, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ ծավալների վրա: