«Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց»․ Դավիթ Տոնոյանը՝ լրագրողին
Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ մի բան պլանավորվել ու չեղարկվել է այսօր։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով լուրերին, որ այսօր վարչապետն ու ինքը պետք է Արցախում լինեին, սակայն չեղարկվել է այցը։
«Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց։ Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ մի բան պլանավորվել ու չեղարկվել է այսօր»,- նշեց նա։
Հարցին՝ լինելո՞ւ են Արցախում, Տոնոյանն ասաց․ «Ես վարչապետի շարժը չեմ կարող բացահայտել, բայց անհոգ եղեք՝ տոնելու ենք շատ մեծ շուքով»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Բանակի օրը, ՀՀ ԶՈւ 28-րդ տարեդարձը։
Lրագրողների հետ զրույցում նախարարը անդրադարձավ սահմանային իրավիճակին, ասելով, որ այն կայուն է։
«Ես կարող եմ ասել, որ կայուն է իրավիճակը»,-նշեց նա։
Անդրադառնալով միջադեպին, որի ժամանակ զինվոր էր վիրավորվել, Տոնոյանն ասաց, որ զինվորի վիճակը ծանր կայուն է․ «Վիրահատությունից հետո ինքը գտնվում է վերահսկողության տակ, վիճակը ծանր կայուն է»։
Հարցին՝ վերջին միջադեպերով ծառայողական քննություններն արդեն ավարտվե՞լ են, նա ասաց․ «Ծառայողական քննություններն անմիջապես սկսվում են Զինված ուժերում, բայց դա զուգորդվում է նախաքննության հետ, զուգահեռ ընթանում են, ավելին չեմ կարող ասել»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հրամանատարական կազմը պատժվում է արդյոք, որին նախարարը պատասխանեց․ «Ե՛վ ավագ ե՛ւ կրտսեր հրամանատարական կազմին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը կարգապահական տույժի են ենթարկում, իսկ ինչ վերաբերում է իրենց մեղավորությանը այս կամ այն դեպքով՝ դա նախաքննության արդյունքում է պարզվում»։