Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որևէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, տեղեկանում ենք ՔԿ-ի ֆեյսբուքյան էջից։
ՔԿ-ն, մասնավորապես, գրել է.
« «Ժողովուրդ» օրաթերթում այսօր, Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության վերաբերյալ հրապարակված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ նախաքննությամբ Գ.Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել: Բացի այդ, նախաքննության ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանին հարցում չի ուղարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց»:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: