Արարատ Միրզոյանը անաչառ արբիտր չէ, չի կարողանում ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը․ Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անաչառ արբիտր չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Պարոն Միրզոյան, իմ բոլոր պահանջներն ուղղված են ձեզ։ ԱԺ նախագահը Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի համաձայն ներկայացնում է Ազգային ժողովը և բոլոր պատգամավորներին։ Մենք 2 օրվա ընթացքում արձանագրել ենք, որ ԱԺ նախագահն անաչառ արբիտր չէ, ԱԺ նախագահը ներկայացնում է միայն «Իմ քայլը» դաշինքը և ԱԺ նախագահը չի կարողանում ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը։ ԱԺ նախագահը ոտնահարում է իրավունքները, ԱԺ նախագահը օգտվում է կանոնակարգ օրենքից այնպես, ինչպես երբեք որևէ մեկը չի օգտվել։ Ցանկացած սանկցիա, որ այդտեղ նշված է, բացառիկ միջոցներ են և չեն կարող ամեն օր կիրառվել, դրանք ինքնահաստատման մեթոդներ չեն որևէ մեկի համար։ Պարոն Միրզոյան, դուք սանկցիաները չարաշահել եք, դա է նաև պատճառը, որ դուք այլևս ինձ համար անաչառ արբիտր չեք։ Դուք նպաստել եք ընդդիմության իրավունքների սահմանափակմանը, ընդդիմության իրավունքների խախտմանը»,-նշեց Մարուքյանը։