Միջազգային օգնությունը Լիբանանին կախված կլինի բարեփոխումների անցկացումից. Պոմպեո
Լիբանանի նոր կառավարությունը կարող է ֆինանսական օգնություն ստանալ միջազգային դոնորներից, եթե երկրում իրական բարեփոխումներ իրականացնի։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Լիբանանի նոր կառավարության համար ստուգում կհանդիսանան նրա գործողություններն ու Լիբանանի ժողովրդի պահանջներին արձագանքելու կարողությունը բարեփոխումների իրականացման եւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։ Միայն այն կառավարությունը, որը կկարողանա իրականացնել իրական եւ կոնկրետ բարեփոխումներ, կվերականգնի ներդրողների վստահությունը եւ թույլ կտա Լիբանանին ստանալ միջազգային օգնություն»,- ասել է նա։
Երեքշաբթի Լիբանանում հայտարարվել էր 20 տեխնոկրատ նախարարներից կազմված կառավարության ստեղծման մասին, որոնք ներկայացնում են երկրի քրիստոնեական եւ մուսուլմանական համայնքները։ Նոր կառավարությունը հենվում է խորհրդարանական մեծամասնության աջակցության վրա, որը գլխավորում են նախագահամետ «Ազատ հայրենասիրական շարժումը» եւ շիական «Ամալ»-«Հեզբոլլահ» տանդեմը։
Վարչապետ Հասան Դիաբը լրագրողներին ուղղված իր հայտարարությունում նշել է, որ իր ստեղծած կառավարությունը «համապատասխանում է ընդվզող ժողովրդական զանգվածների ակնկալիքներին»։ Նրա խոսքով՝ նախարարների մեջ առնվազն վեց հոգի ներկայացնում են բողոքի շարժումը։
Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին չորեքշաբթի տեղեկացրել էր, որ պատգամավորները կդիտարկեն նոր կառավարությանը սվտահության քվե տալու հարցը հունվարի վերջին 2020 ֆինանսական տարվա պետական բյուջեի նախագծի հաստատումից հետո։