Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար. վարչապետի աշխատակազմ
ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար: Այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից.
«ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին:
Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: