Անասնապահները դիմում փոխանցեցին կառավարությանը․ եթե հարցին լուծում չտրվի՝ շարունակելու են բողոքի ակցիան. (Տեսանյութ)
Եթե կառավարությունը որոշել է, որ հունվարի 15-ից պիտի խանութները 5-րդ ձևով միս ընդունեն, ապա առավոտը միս չի մտնելու Երևան։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին հայտարարեցին Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անասնապահները։
«Գյուղացին որ միսը բերում է քաղաք՝ ծախելու, ոչ մեկ չի գնում իրեն կահույք առնելու կամ ռեստորաններում հաց ուտելու, սաղ վարկ են փակում կամ անասնակեր առնում։ Ի՞նչ են ուզում մեզանից, ուզո՞ւմ են հեռանանք երկրից։ Վաղը վարկ ունեմ փակելու, ո՞նց փակեմ։ Արմավիրի մարզում մի սպանդանոց է, օրը 1000 գլուխ անասուն է մորթում, ոնց կարա հասցնի։ 20 հատ սպանդանոց էլ լինի, չի հերիքի։ Ամեն համայնքում պետք է սպանդանոց լինի, նոր կարող են պահանջել»,-նշեց անասնապահներից մեկը։
Նա ասաց՝ իրենց պահանջն է, որ թողեն աշխատեն առանց 5-րդ ձևի, մինչև լինի համապատասխան քանակությամբ սպանդանոցներ։
Անասնապահները նաև հայտնեցին, որ իրենց պահանջներով դիմում են փոխանցելու կառավարությանը, ապա հավելեցին, որ վաղը կրկին կհավաքվեն կառավարության դիմաց, եթե իրենց հարցին լուծում չտրվի։