Կարևոր խնդիր է հեռուստաընկերությունների արտոնագրումը. խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Կարեւորագույն խնդրահարույց հարց է հեռուստաընկերությունների արտոնագրումը։ Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հունվարի 16-ին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով՝ գոյություն ունեցող կարգը պարզապես անընդունելի է։ «Մենք կարծում ենք, որ այդ ընթացակարգը խոչընդոտ է ճյուղի զարգացման համար։ Մենք համոզված ենք, որ այդ ընթացակարգը պետք է պարզեցվի։ Կամ պետք է լինի պարզեցված արտոնագրում, կամ իրավազորում։ Բոլոր նախորդ մրցույթները ծիծաղ եւ խիստ քննադատություն են առաջացրել»,- ասել է Մելիքյանը։