Հայաստանում լրատվամիջոցների թվում հեռուստաընկերությունները ավելի մեծ ճնշման են ենթարկվում. «Երկիր մեդիա»
Հայաստանում այսօր լրատվամիջոցների թվում հեռուստաընկերությունները ավելի մեծ ճնշման են ենթարկվում, քանի որ նրանց գործունեությունը տարբեր օրենքներով սահմանափակված է: Այս մասին հունվարի 16-ին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը:
«Մեզ օրենքով ասում են, որ դուք կարող եք սա անել, բայց չեք կարող նա անել, եւ այս սահմանափակումներով էլ, որոնք այս կամ այն աստիճանով անհրաժեշտ են, մենք գոյություն ունենք: Բայց կա նաեւ համացանցային հեռուստատեսություն, որի գործունեությունը ենթակա չէ «Հեռուստատեսության եւ ռադիոնի մասին» օրենքով կարգավորմանը: Չնայած նրանք մալուխային ցանցերում մեզ հետ նույն պլատֆորմում են»,- դժգոհեց Մանուկյանը՝ հավելելով, որ առցանց հեռուստաալիքները, որոնք հեռարձակվում են մալուխային պլատֆորմում, որեւիցե սահմանափակում չունեն: Սա, նրա կարծիքով, հեռուստաընկերություններին եւ առցանց լրատվամիջոցներին անհավասար պայմանների մեջ է դնում, այդ թվում՝ նաեւ ֆինանսական: