48 ժամվա ընթացքում պարզ կլինի՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը դեպի դրական կգնա՞, թե՞ ոչ. պաշտպան
ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի սրտի ռիթմը եթե կարգավորվեց, ապա կրիտիկական փուլը կանցնենք, եթե ոչ, ապա սրտի կանգ կարող է արձանագրվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
«Հիվանդությունը կրիտիկական է։ Անցել են ակտիվ բուժման։ Եթե սրտի ռիթմը կարգավորվեց ապա նշանակում է վատ փուլն անցանք, թե չէ, ապա սրտի կանգն կարող է արձանագրվել։ 48 ժամվա մեջ դեղի ազդեցության հարցը կերեւա, այսօր կեսօրին պարզ կլինի կկարգավորվի՞, թե՞ ոչ»,- ասաց Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրվեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը արդեն 2 օր է, որ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: