Ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը չի ընթացել մրցակցային սկզբունքով. Հովհաննես Խուդոյան. (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով քննիչ էլ է ընդունում, որ իրենք իրականացրել են միակողմանի քննություն եւ ամբողջ քննությունը ուղղված է եղել կոնկրետ անձանց քրեական հետապնդման ենթարկելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Խուդոյանը։
«Ի սկզբանե այդ դատավարությունը չի ընթացել մրցակցային սկզբունքով՝ նույնիսկ մինչեւ դատարան հասնելը, այսինքն՝ նախաքննության ընթացքում էլ։ Օրինակ՝ երբ մենք քննիչից պահանջել ենք մեզ տրամադրել գործի ամբողջ նյութերը, ոչ թե առանձնացված հատվածը, որ հասկանանք՝ արդյոք քննիչն այնքան բարեխիղճ է գտնվել, որպեսզի մեզ տրամադրի այնպիսի ապացույցներ, որոնք կարող են դրական մեկնաբանվել։ Ի պատասխան նշվել է, որ քրեական գործից առանձնացվել են եւ հանձնվել են մեղադրյալների մեղավորությունն ապացուցող բոլոր ապացույցները։ Քննիչն էլ ընդունում է, որ իրենք իրականացրել են միակողմանի քննություն եւ ամբողջ քննությունը ուղղված է եղել կոնկրետ անձանց քրեական հետապնդման ենթարկելու»։