Գիտնականները կապ են հայտնաբերել լիմֆոցիտների ցածր մակարդակի և վաղ մահվան բարձր ռիսկի միջև՝
Արյան մեջ լիմֆոցիտների ցածր խտությունը առնչակցվում է վաղ մահվան բարձր ռիսկի հետ, պարզել են Կոպենհագենի համալսարանի (Դանիա) գիտնականները։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, լիմֆոցիտները իմունային համակարգի բջիջներ են, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը։ Նրանք նաեւ զսպում են քաղցկեղի տարածումը։ Լիմֆոցիտների մակարդակի բարձրացում նկատվում է վարակների ֆոնին։ Իսկ ահա լիմֆոցիտների ցածր մակարդակին մասնագետները կոչ են անում վերաբերվել տագնապով. լիմֆոպենիան (լիմֆոցիտների խտության նվազումը) վարակների հանդեպ օրգանիզմի խոցելիության եւ վաղաժամ մահվան բարձր ռիսկի նշան է։
Վերջին հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են 20-100 տարեկան 108 135 մարդու տվյալները, որոնք հավաքվել են 2003-2015 թվականներին։ Այդ ընթացքում մահացել է 10 372 մարդ։ Վերլուծելով տվյալները եւ ուշադրություն դարձնելով տարիքին, սեռին, ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործմանը, մարմնի զանգվածին, պլազմայի C-ռեակտիվ սպիտակուցին, նեյտրոֆիլների քանակին արյան մեջ, վերջերս տարած ինֆեկցիաներին, դիաբետին, սիստոլիկ զարկերակային ճնշմանը, խոլեստերինին պլազմայում, տրիգլիցերիդներին պլազմայում, կրթությանը, եկամուտին եւ ֆիզիկական ակտիվությանը՝ գիտնականները նկատել են, որ լիմֆոցիտների ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ ցանկացած պատճառից վաղ մահվան ռիսկը 60 տոկոսով բարձր է եղել, իսկ քաղցկեղից, սիրտ-անոթային, շնչաեական հիվանդություններից ու տարբեր վարակներից մահվան ռիսկը՝ 1,5-2,8 անգամ։
Գիտնականների խոսքով՝ հայտնաբերված կապը կարելի է բացատրել օրգանիզմի դիմադրողականության թուլացմամբ, ինչը հատկապես ակտուալ է տարեց մարդկանց համար, որոնց մոտ լիմֆոցիտների մակարդակն առանց այդ էլ նվազում է ծերանալուն զուգընթաց։