3D-պրինտերը ողնաշարի վնասման հետեւանքով կաթվածից խուսափելու հնարավորություն կտա
Չինացի մասնագետները ուռուցքի կողմից կրծքային 3 քայքայված ողերը 3D-պրինտերով ստեղծված տիտանի ձուլվածքից արհեստական իմպլանտներով փոխարինելու հաջող վիրահատություն են կատարել։
Xinhua-ն հայտնում է, որ պացիենտը եղել է 25-ամյա կին։ Եւ այդ վիրահատության շնորհիվ նրան հաջողվել է խուսափել ողնաշարի վնասվածքի հետեւանքով կաթվածի զարգացումից։
Բժիշկների խոսքերով՝ ամեն պացիենտ յուրօրինակ ֆիզիոլոգիա ունի, որը նրա անհատականությանը համապատասխան բուժում է պահանջում։ Օրթոպեդիկ, եռաչափ պրինտերով տպագրված իմպլանտները, չինացի փորձագետների կարծիքով, պետք է նպաստեն արտադրության զարգացմանը եւ պացիենտների համար բուժման ծախսերի նվազմանը։
Առաջիկայում մասնագետները պլանավորում են ծակոտկեն մետաղական նյութերի եւ ոսկրային հյուսվածքների մակերեւույթի ներդրման հետազոտություններ կատարել։ Դա կարող է լուծել իմպլանտների չհամապատասխանելու եւ ոսկորների դեգրադացիայի խնդիրը։