Հայաստանի ղեկավարությունը պետք է ավելի լուրջ վերաբերվի բնապահպանական խնդիրներին. Կարինե Դանիելյան
Անհրաժեշտ է վերանայել հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտների, ներառյալ հանքարդյունաբերության եւ քաղաքաշինության նկատմամբ մոտեցումները: Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ պետք է աշխատել քաղաքացիների շրջանում գիտակցության փոփոխության ուղղությամբ, ինչի համար, օրինակ, կարելի է պարտադիր դպրոցական առարկա մտցնել, ինչը դեռեւս չի արվում: «Կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է, եւ տարերային աղետները, այդ թվում՝ հրդեհները, 0,5-0,6 աստիճանով միջին ջերմաստիճանի բարձրացման արդյունք են: Փորձագետների տվյալներով՝ 2 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել»,- նշեց նա՝ հավելելով, որ 50 տարում տարերային աղետների թիվը կրկնապատկվել է, եւ դա պատասխան է մարդու գործունեությանը:
Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ Հայաստանի համար ձմռան շրջանում հրդեհները, որոնք գրանցվել են Լոռիում եւ Տավուշում, երկրի համար նոնսենս են: «Մասշտաբները մեծ չեն եղել, սակայն պետք է փոխել վերաբերմունքը, եւ ԱԻՆ-ը պետք է ուժգնացնի իր տեխնիկական հնարավորությունները: Եթե Հայաստանում նման հրդեհ լինի, ինչպես Ավստրալիայում, դա կարող է աղետի հանգեցնել՝ հաշվի առնելով այն, որ մենք զարգացած երկրների հնարավորությունները չունենք: Կարեւոր է նաեւ, որպեսզի երկրի ղեկավարությունն ավելի լուրջ վերաբերվի բնապահպանական խնդիրներին»,- նշեց նա: Փորձագետը նկատեց, որ Հայաստանի կլիմայի վրա բացասական ազդեցություն են գործում նաեւ փոքր ՀԷԿ-երը, որոնց շինարարությունն ավարտվել է առանց էկոլոգիական ռիսկերը հաշվի առնելու: