Բեռլինը Թեհրանին հայտնել է, որ ավիաաղետի հետաքննությանը այլ երկրների մասնակցություն է ակնկալում
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, թե եթե հաստատվի, որ ուկրաինական օդանավին պատահաբար հարվածել էր իրանական հրթիռը, ապա «ինքն ուղղակի ասելիք չի ունենա», փոխանցում է AP-ն:
Նա հայտնել է, թե Բեռլինը Թեհրանին հայտարարել է, որ հետաքննությանը այլ երկրների մասնակցություն է ակնկալում: «Լիակատար հստակության համար անհրաժեշտ է հնարավոր առավելագույն թափանցիկություն, որպեսզի ոչ մի ծածուկ բան չմնա»,- նշել է Մաասը: Նրա խոսքով՝ Իրանի հրավերը ամերիկացիներին՝ օգնելու հետաքննությանը, «անչափ կարեւոր ազդակ» է: «Կարծում եմ, որ բոլոր կողմերն ընդունել են, որ ռազմական էսկալացիայի ժամանակն անցավ, եւ իմաստ ունի խոսել միմյանց հետ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրան-Կիեւ չվերթի ուկրաինական օդանավը կործանվել էր թռիչքից մի քանի րոպե անց: Օդանավում եղած ընդհանուր 176 մարդիկ, որոնց թվում օտարերկրացիներ են եղել, զոհվել էին: Նախօրեին ԱՄՆ-ն եւ Կանադան հայտարարել էին, որ օդանավը կարող էր պատահաբար խփված լինել իրանական հրթիռով: Թեհրանը ժխտել էր այս վարկածը եւ հրավիրել էր երկրների ներկայացուցիչներին, որոնց քաղաքացիները զոհվել էին աղետի հետեւանքով, մասնակցել հետաքննությանը, այդ թվում ամերիկյան Boeing ընկերության ներկայացուցիչներին: