«Դալմա»-ում տեղի ունեցած ցնցումների պատճառը կարող է օդափոխման համակարգը լինել. ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատար
«Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ցնցումների հիմնական պատճառ է դիտարկվում օդափոխման համակարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:
«Այս պահին տարբեր գործիքներով, շենքերի սեյսմակայնության վարչության աշխատակիցները փորձում են համոզվել, որ այդ ամբողջ վիբրացիան գալիս է հիմնականում օդորակիչների համակարգից, որը տեղադրված է տանիքի տարբեր մասերում»,- ասաց Մարգարյանը։
Նա ասաց, հնարավոր է, որ օդորակիչներն ունեն մաշվածության խնդիր.
«Մենք ղեկավարությունից խնդրել ենք տեխնիկաների անձնագրերը։ Պետք է հաշվարկենք հզորությունը, աշխատելու հաճախականությունները։ Վարկածներից մեկն այն էր, եթե մաշվածություն ունի, հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո էլ մյուս թեւը մաշվածություն ունենա, եւ դա էլ կարող է վիբրացիա առաջացնել։ Բոլոս ունենք տանը կենցաղային տեխնիկա, օրինակ՝ լվացքի մեքենան, կա վիբրացիան եւ դրա մյուս տեսակն էլ հնարավոր է, որ դա է»։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 9-ին, «Դալմա Գարդեն մոլում» շուրջ 30 րոպե տեղային ցնցումներ էին արձանագրվել: Քաղաքացիները տարհանվել էին առեւտրի կենտրոնից։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում էին շենքի եւ հարակից տարածքների զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով: