Շվեյցարիայում անտառային կատուն հռչակվել է 2020 թվականի կենդանի
Շվեյցարիայի բնության պահպանության Pro Natura կազմակերպությունը անտառային կատվին հռչակել է 2020 թվականի կենդանի: Այդ քայլի նպատակն է ուշադրություն գրավել Շվեյցարիայի ֆաունայի պահպանության խնդրի վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անտառային կատուն հայտնվել է անհետացման շեմին, սակայն վերջին տարիներին այդ կենդանու նկատմամբ վերաբերմունքը փոխվել է դեպի լավը: Հատումից պահպանվող անտառային զանգվածներն այդ կենդանուն տարածք են տրամադրում որսի եւ սերունդ ունենալու համար: Անտառային կատուն, որին նաեւ անվանում են եվրոպական կատու, բնակվում է Եվրոպայում, Ասիայի հյուսիսում եւ Աֆրիկայում:
«Բարեբախտաբար, անտառային կատուն ժամանակին պահպանության տակ է առնվել»,- հայտնել է Pro Natura-ն:
Կազմակերպությունը նշել է, որ այժմ դրա բնակեցման հիմնական վայր են դարձել երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Յուրայի լեռները:
Փորձագետները հիշեցնում են, որ վայրի կատվին դժվար է տարբերել տնային կատվից: Շվեյցարիայում կա մոտ 1,6 մլն տնային կատու: Դրանցից շատերը վայրի են դարձել, եւ դրանց կարելի է հանդիպել անտառում: Pro Natura-ն «միջնաժամկետ սպառնալիք» է համարում դրանց հնարավոր խաչասերումը տնային ցեղակիցների հետ եւ այդ առումով տնային կատուների տերերին կոչ է անում «պատասխանատու պահվածք» ցուցաբերել: