Հայաստանը պետք է Արեւմուտքին հասցնի Ղարաբաղի տարածքում ցեղասպանություն արտահանելու Բաքվի ձգտումը
90-ական թվականներին Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն արտահանել, որն իրականացվեց հայերի դեմ Սումգայիթում, Բաքվում եւ Ղարաբաղում: Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ քանի դեռ Հայաստանը չի կարողանում արեւմտյան գործընկերներին հասցնել այդ փաստը, Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման մասին որեւէ գաղափար առաջ տանել չի հաջողվի:
«Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը միայն հումանիտար հարց չէ: Հուսով եմ, որ այս տարի Հայաստանի իշխանությունները վերջապես պաշտոնապես որպես ցեղասպանություն կճանաչեն Սումգայիթի եւ Բաքվի իրադարձությունները»,- նշեց Այվազյանը:
1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդեր տեղի ունեցան, որոնց ժամանակ, պաշտոնական տվյալներով, զոհվեցին եւ վիրավորվեցին հարյուրավոր հայեր: Մի քանի օրվա ընթացքում 18 հազար հայ լքեց քաղաքը: Այլ տվյալների համաձայն՝ Սումգայիթում զոհերի թիվը կարող է կազմել մինչեւ 200 մարդ: երկու տարի անց՝ 1990 թվականի հունվարի 13-20-ին հայերի ջարդեր տեղի ունեցան Բաքվում: