Բացահայտվել է Շիրակում դանակահարության դեպքը. Հարվածել է 17-ամյա եւ 26-ամյա եղբայրներին
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 45-ամյա տղամարդու կողմից կատարված դանակահարության դեպքը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 45-ամյա տղամարդը, 2020 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ հարվածել է նույն մարզի բնակիչներ՝ 1994թ. եւ 2003թ. ծնված եղբայրներին: Նրանցից 17-ամյա երիտասարդին պատճառել է ծակած-կտրած վերքերի ձեւով մարմնական վնասվածքներ, իսկ 26-ամյա եղբորը՝ կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1975թ. ծնված Շիրակի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 45-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միեւնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: