Ավստրալիայի արեւելքում անտառային հրդեհների հետեւանքով հայտարարվել է զանգվածային տարհանում
Ավստրալիայի Նոր հարավային Ուելս եւ Վիկտորիա նահանգների տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են լքել իրենց տները 48 ժամի ընթացքում ուժգին անտառային հրդեհների պատճառով։ Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայությունը հինգշաբթի՝ հունվարի 2-ին, նախանշել է տարածքը, որից անհրաժեշտ է հեռանալ։ Նոր Հայավային Ուելսի տրանսպորտի նախարար Էնդրյու Կոնստանսը նախազգուշացրել է առաջիկա օրերին իրավիճակի հնարավոր վատթարացման մասին, հաղորդում է DW-ը։
Նախօրեին տարածաշրջանում ուղարկվել էր երկրի Ռազմաօդային ուժերի 5 ուղղաթիռ եւ Ավստրալիայի Թագավորական ռազմածովային ուժերի 2 նավ։ Դրանք պետք է տեղափոխեն ջուր եւ վառելիք, օգնեն հրդեհամարման եւ տարհանման աշխատանքներում։
Ավստրալիայում անտառային հրդեհները մոլեգնում են սեպտեմբերից, որոնք տարածվել են ավելի քան 5.5 մլն հեկտար տարածության վրա։ Դա ավելին է, քան Դանիայի կամ Նիդերլանդների ընդհանուր մակերեսը։ Կրակի տարածմանը նպաստում են բարձր ջերմաստիճանն ու ուժգին քամիները։
Միայն Վիկտորիա եւ Նոր Հարավային Ուելս նահանգներում գրանցվել է շուրջ 200 անտառային հրդեհ։ Դրանք ոչնչացրել են շուրջ 1300 շենքեր։ Հիմնական ավտոմայրուղիներում երթեւեկությունը դադարեցվել է։ Նոր Հարավային Ուելսում զոհվել է առնվազն 17 մարդ, իսկ Վիկտորիա նահանգում առնվազն 17 մարդ անհետ կորել է։